Գործող օրենսգիրքն արդար ընտրություններ կազմակերպելու հնարավորություն տալիս է. ԿԸՀ ղեկավար

Հայաստանի ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը համարում է, որ արտահերթ ընտրություններ կարելի է անցկացնել նաև գործող Ընտրական օրենսգրքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 3 — Sputnik. Գործող Ընտրական օրենսգիրքը լիարժեք ծավալով ընտրություններ կազմակերպելու հնարավորություն է տալիս։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Կառավարության առաջարկած ԸՕ-ում շտկումները չեն ընդունվել խորհրդարանում, բայց Մուկուչյանն աշխատանքի համար խոչընդոտ չի տեսնում։

«Գործող Ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս կազմակերպելու ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավար ընտրություններ», - ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե այդպիսին են եղել արդյոք 2017թ-ի ընտրությունները, Մուկուչյանը խորհուրդ տվեց չվերադառնալ անցյալին։

«2017թ-ի ապրիլի ընտրությունների գնահատականները հնչեցվել են թե՛ քաղաքական կուսակցությունների, թե՛ ընտրություններում դիտորդների կողմից», - հիշեցրեց ԿԸՀ ղեկավարը։

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ անգամ մերժեց ԸՕ-ում շտկումներ կատարելու մասին օրինագիծը։