Ի՞նչ կլինի, եթե Յուրի Խաչատուրովի փոխարեն օտարերկրացու նշանակեն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, բայց կասկածներ կան, որ այդ պաշտոնը չի ստանձնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այլ երկրի ներկայացուցիչ նշանակելը Հայաստանին վարկանիշային ոչ մեծ կորուստներ կբերի, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 2-ին, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից ։

«Ես կարծում եմ, որ այլ երկրի ներկայացուցչի նշանակումը զգալիորեն կազդի կազմակերպության աշխատանքի վրա։ Հնարավոր են ինչ-որ վարկանիշային կորուստներ, բայց չեմ կարծում, որ տվյալ պահին այդ կորուստները մեծ լինեն», - ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում և ընդհանուր առմամբ միջազգային ասպարեզում հարմարվել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Բոլորը հասկանում են, որ հնարավոր են տարբեր անսովոր իրավիճակներ։ Առավել ևս, որ Խաչատուրովի հետ կապված հարցն արդեն մի քանի ամսվա պատմություն ունի (շահագրգիռ կողմերը դրա հետ հաշտվելու ժամանակ ունեին)։

Հակոբյանը կարծում է, որ եթե քաղաքական ղեկավարության մակարդակում շատ բան հանդարտվել է, կա փոխըմբռնում, կանխատեսելիություն (մասնավորապես, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը ՀԱՊԿ–ի հարցում), ապա նույնը չի կարելի ասել երկրի ռազմական ղեկավարության մասին։ Ռազմական ոլորտում ճկունությունն այդքան մեծ չէ։

Հայաստանն իր թեկնածուներն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. ԱԳՆ

Քաղտեխնոլոգի խոսքով` առաջիկայում նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ հավանաբար ինչ-որ միջանկյալ որոշում կընդունվի՝ հաշվի առնելով ՀԱՊԿ երկրների հասարակական կարծիքը։

«Հաշվի առնելով տեղեկությունները, ակնարկներն ու գործնական քայլերը (օրինակ` ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը Երևանից Մոսկվա տեղափոխելը)` դժվարությամբ եմ հավատում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը հեշտությամբ կտան Հայաստանի թեկնածուին», - ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ կազմակերպության առաջնորդ Ռուսաստանն ունիվերսալ մոտեցում ցուցաբերի, և այդ առումով գլխավոր քարտուղարի հարցում դրսևորած մոտեցումը կարող է նման լինել ղարաբաղյան հակամարտության բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի սպասողական դիրքորոշմանը։

Ռուս փորձագետը պատմել է, թե ինչու Խաչատուրովի հրաժարականը կարող է թուլացնել ՀԱՊԿ աշխատանքը

Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունները հարցին արագ լուծում չեն տա` հատկապես հաշվի առնելով այն, թե Հայաստանում ինչ արձագանք կառաջացնի այդ պաշտոնում ուրիշ երկրի ներկայացուցչի նշանակումը։

Հիշեցնենք ` Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին նշանակելու հարցը դրված է երկրի իշխանության օրակարգում։ Նրա խոսքով` եթե հայկական կողմը որոշի առաջադրել իր թեկնածուին, ապա կադրերի հետ խնդիր չի լինի։