Հայաստանի կառավարությունը կսկսի «մաքրել» իր ավտոպարկը, իսկ ի՞նչ կանեն վարորդները

Էդուարդ Աղաջանյանը կառավարության աշխատակազմի ընդհանուր ծախսերն ավելի քան բավարար է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարության աշխատակազմը կրկին կկրճատի իր ավտոպարկը։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ 2019թ-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Մեքենաների գույքագրման համար արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել:

Վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաները տվեցին ուրիշներին

«Միաժամանակ, մենք այլ զբաղվածություն կառաջարկենք վարորդներին, որպեսզի նրանք առանց աշխատանքի չմնան», - ասաց նա։

Հիշեցնենք, որ կառավարական ավտոպարկը կրճատել են նաև 2016թ-ին Հովիկ Աբրահամյանի կառավարությունում։ 2016թ-ի մայիսին որոշել են կրճատել մոտ 800 մեքենա։

Կառավարության աշխատակազմի ընդհանուր ծախսերը նա ավելի քան բավարար է համարում։

«Հաջորդ տարվա համար նախատեսված է 20 մլրդ 697 մլն դրամի բյուջե, իսկ այս տարի 19 մլրդ դրամ էր: Այս տարի ունենք արդեն որոշակի խնայողություններ: Դրանք ևս պետք է հիմք հանդիսանան հաջորդ տարիների համար բյուջեի կազմավորման գործընթացում։ Հաջորդ տարվա համար նախատեսվել է տասնմեկ ծրագիր՝ քառասունմեկ միջոցառումներով: Հանվել է տասնվեց ծրագիր, որը կազմում էր 8 մլրդ 466 մլրդ դրամ, ավելացել է 5 ծրագիր, որոնք կազմում են 9 մլրդ 720 մլն դրամ», - ասաց նա։

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների համաձայն` 2018թ-ի ապրիլից կառավարության աշխատակազմին է անցել նախագահի աշխատակազմի գործառույթների մի մասը։