«Կհանդիպենք». Սերժ Սարգսյանի փեսան գրառում է արել Facebook-ում

Սուրբ Աթոռից հետ կանչված Միքայել Մինասյանը մեծ պատիվ ու պատասխանատվություն է համարում Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Միքայել Մինասյանն այսօր ավարտում է Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցում։

Նախագահի հրամանագրով Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռից

«Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ»,– գրել է նա:

Մինասյանը նշել է, որ շնորհակալ է Հռոմի Սրբազան Քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար։

«Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկներին արդյունավետ համագործակցության համար: Կհանդիպենք»,– նշել է Մինասյանը:

Նա նաև տեսանյութ է հրապարկել իր էջում` նշելով, որ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը համառոտ ֆիլմ է պատրաստել, որում ամփոփված են իրենց հնգամյա աշխատանքի ամենաարժեքավոր դրվագները:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` նոյեմբերի 1-ի հրամանագրով Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռից։

Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է։ Նա Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2013 թ–ին։