Դեմիր Սոնմեզը լուսանկարում է այն, ինչ տեսնում է։ Նա չի տառապում սելֆիամանիայով, պարզապես ցույց է տալիս իր շուրջը եռացող կյանքը։
70-ականների վերջից Սոնմեզը մասնակցել է Թուրքիայում անցկացված ընդդիմադիր շարժումներին․ սկզբում՝ որպես ակտիվիստ, հետո`որպես լուսանկարիչ և լրագրող։ Մի քանի անգամ նստել է բանտում։ 1990թ-ից ապրում է Ժնևում։
Այստեղ՝ ՄԱԿ-ի ազգությունների պալատի մոտ, գրեթե ամեն օր կարելի է տեսնել պաստառներով մարդկանց։ Նրանք գալիս են ինչ-որ բան պատմելու իրենց ժողովրդի, իրենց գործի և իրենց իրավունքների մասին։
«Վերջին վեց-յոթ ամիսներին ես այստեղ գրեթե 2500 ցույց եմ նկարել։ Այստեղ եղել են քրդեր, թամիլներ, Մերձավոր Արևելքի քրիստոնյաներ և շատ ուրիշներ», - ասում է Սոնմեզը։
Նրան՝ Ժնևի բազմամյա ժամանակագրին, 2016թ-ի ապրիլին վստահել են լուսանկարչական սեփական աշխատանքների ցուցահանդես անցկացնել ՄԱԿ-ի 70-ամյակի առթիվ։
«Ես ընտրեցի 50 լուսանկար, որոնք ներկայացնում էին պատերազմի դեմ, խաղաղության, մարդու իրավունքների, տղամարդկանց ու կանանց իրավահավասարության, խոսքի ազատության համար անցկացված բողոքի ցույցերը», - պատմում է Սոնմեզը։
Մի քանի օրից իշխանություններին է դիմել ՄԱԿ-ի ժնևյան բյուրոյում Թուրքիայի ներկայացուցիչը և պահանջել հեռացնել լուսանկարներից մեկը։
«Դուք հավանաբար հիշում եք 2013թ-ին Ստամբուլի Թաքսիմ Գեզի այգում անցկացված բողոքի ակցիաները։ Ժնևում ապրող թուրքերն աջակցություն էին հայտնել նրանց։ Դա արդեն 2014-ին էր։ Այնտեղ մարդիկ կային, որոնց բերած պաստառների վրա գրված էր «Ես Բերկին Էլվանն եմ»։ Բերկինը 14 տարեկան տղա էր, որը տնից դուրս էր եկել հաց գնելու և ընկել ցույցը ցրելու մեջ։ Նրա գլխին արցունքաբեր գազով նռնակ էր ընկել, և ինն ամիս անց տղան կոմայի մեջ մահացել էր», - հիշեցնում է Սոնմեզը։
Թուրք դիվանագետները դիմել են Ժնևի իշխանություններին՝ պահանջելով չարատավորել Էրդողանի անունը։ Նրանք ասել են, որ խոսքի ազատությունը լավ բան է, բայց պաստառի վրա գրված է եղել․ «Ինձ սպանել է ոստիկանությունը՝ Թուրքիայի վարչապետի հրամանով» (Այդ ժամանակ վարչապետը եղել է հենց Էրդողանը)։ Դիվանագետները հայտարարել են, որ դա սուտ է։
Ժնևի իշխանությունները հրաժարվել են կատարել թուրքական կողմի պահանջը։
«Մեր քաղաքը մարդու իրավունքների և խոսքի ազատության մայրաքաղաք է», - հայտարարել են շվեյցարացիները։
Այդ ժամանակ գործին միջամտել է Բեռնում Թուրքիայի դեսպանատունը, որը դիմել է Շվեյցարիայի կառավարությանը։ Սակայն նախարարական կաբինետը սատարել է Ժնևի իշխանությունների որոշումը։
«Դրանից հետո պահանջը կրկնել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուն։ Բայց Ժնևի իշխանությունները երրորդ անգամ ևս պնդել են, որ լուսանկարը պետք է մնա իր տեղում մինչև ցուցահանդեսի ավարտը։ Իմ կարծիքով՝ դա առաջին դեպքերից մեկն է եղել, երբ եվրոպական պետությունը չի կատարել Էրդողանի պահանջը հասարակական հարցում»,- պատմում է Սոնմեզը։
Շվեյցարիայի իշխանությունների ներկայացուցիչները Սոնմեզին աջակցել են իրենց ներկայությամբ։ Ցուցահանդես են գնացել տասնյակ գործընկեր լրագրողներ (այդ թվում՝ թուրք), ինչպես նաև արվեստի գործիչներ, գիտնականներ, հասարակ քաղաքացիներ։
Եթե Սոնմեզին տեսնեք փողոցում, կթվա`արևելյան հեքիաթներից դուրս եկած բարի պապիկի եք տեսել։ Demir Sonmez թուրքերեն նշանակում է «չսառչող երկաթ»։ Ճիշտ է` նրա ձեռքերում ո՛չ հրացան կա, ո՛չ գնդացիր, բայց երկաթե կամք ունի, որն անկոտրում է մնացել Թուրքիայում և չի սառել բարեկեցիկ Ժնևում։
Նա մի քանի անգամ հայտնվել է թուրքական բանտում, ծանոթ է Թաներ Աքչամի և այլ հայտնի ակտիվիստների հետ։ Նրանք միասին ցանկացել են ավելի լավը դարձնել իրենց երկիրը, իսկ տարբեր ազգությունների և հավատի մարդկանց՝ իրավահավասար քաղաքացիներ։
Սոնմեզը մանկուց գիտի` ինչպես է ապրում այն մարդը, որը զուրկ է այդ ամենից։ Նա ծնվել է Էրզրումում։ Մայրը Դերսիմի քուրդ է, հայրը՝ հայ։ Նրա մանկությունը և պատանեկությունն անցել են 60-70-ականներին, երբ Թուրքիայում քրդերենն արգելվել է, իսկ 1915թ-ի մասին հեռավոր հիշեցումը սպառնացել է բանտով։
Սոնմեզը թուրքերի նկատմամբ ատելություն չի զգում։
«Ես շատ ընկերներ ու գործընկերներ ունեմ Թուրքիայից», - ասում է նա։
Սոնմեզը եղել է նաև Հայաստանում. եկել է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, Ֆրանցիսկոս 1-ին պապի այցի ժամանակ, վերջերս Երևանում ներկա է եղել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Նա հավատարիմ է նաև իր մոր ժողովրդին։ Իրաքում է եղել սիրիական պատերազմի ամենաանհանգիստ ամիսներին, մեկնել փախստականների ճամբարներ, մասնակցել Իրաքյան Քրդստանի հանրաքվեին։
«Երկաթյա» Դեմիր Սոնմեզը հարյուրավոր լուսանկարներ է բերում իր այցելած վայրերից։ Նա մագնիսի պես ձգում է հանդիսատեսին և ընկերներին։ Ու դրա համար մեծ ջանք չի գործադրում, ընդամենը նայում է մարդկանց աչքերի մեջ և ժպտում։ Եվ վե՞րջ։ Այո, որովհետև նրա ժպիտը «մետաղական» չէ, այլ խիստ մարդկային։