ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։
«Սահմանված կարգի համաձայն` ավարտվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից վաղաժամկետ հետ կանչելու ընթացակարգը, որը նախաձեռնել է հայկական կողմը», – նշված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունում։
Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականին։
Հիշեցնենք` Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:
Որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից: