ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել դժվար թե հաջողվի, քանի դեռ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի կայունացել: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ձեռք բերված պայմանավորվածությունը (Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև - խմբ.) կայանում էր նրանում, որ շփումները պետք է շարունակվեն, որ արտգործնախարարները պետք է հանդիպեն, և որ, իհարկե, Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի խոսքով` Ռուսաստանը ողջունում է այդ պայմանավորվածությունը։
«Հասկանում ենք` քանի դեռ Հայաստանում չեն ավարտվել ներքաղաքական գործընթացները, ընդ որում՝ բավականին բուռն, դժվար է լուրջ դիտարկել ճգնաժամային այս իրավիճակից դուրս գալու տարբերակներն ու ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորման հնարավորությունները»,– ասել է նա:
Նշենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն կանցկացվի։