Աջակցություն Վիշինսկուն. Ուկրաինայի դեսպանատան մոտ ակցիա է անցկացվել

Ակցիային մասնակցել են նաև Դմիտրի Կիսելյովն ու Մարգարիտա Սիմոնյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայի կենտրոնում` Ուկրաինայի դեսպանատան մոտ, այսօր ակցիա է անցկացվել` ի աջակցություն «ՌԻԱ Նովոստի – Ուկրաինա» պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկու, որն արդեն կես տարի է` ճաղերի հետևում է պետական դավաճանության շինծու մեղադրանքով։

Խերսոնի քաղաքային դատարանը նոյեմբերի 1-ին Վիշինսկու կալանավորումը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 28-ը։

«Գործը կարված է սպիտակ թելերով» կարգախոսով ցույցին մասնակցել են մոտ 100 մարդ` հայտնի լրագրողներ, Պետդումայի պատգամավորներ, իրավապաշտպաններ, Վիշինսկու ընկերներն ու գործընկերները, այդ թվում` «Ռոսիա սեգոդնյա» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն ու RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ազատություն Կիրիլ Վիշինսկուն»։ Նրանց ձեռքերում եղել են Կիրիլի լուսանկարները` #ВолюВышинскому հեշթեգով, պաստառներ և սպիտակ թելերով կոճեր։ Ուկրաինայի դեսպանատնից ոչ ոք դուրս չի եկել ցուցարարների հետ հանդիպելու։

Կազմակերպիչներն ակցիան նվիրել են Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության միջազգային օրվան, որն անցկացվում է նոյեմբերի 2-ին։

Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության միջազգային օրը հիմնվել է 2013 թվականին ՄԱԿ–ի ԳՎ–ի բանաձևով` ի հիշատակ Մալիում սպանված ֆրանսիացի երկու լրագրողների։ Այդ բանաձևում քննադատվում են լրագրողների և ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ իրականացված հարձակումներն ու բռնի գործողությունները։

Բացի այդ, բանաձևը կոչ է անում անդամ պետություններին անել իրենցից կախված ամեն ինչ լրագրողների և ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ բռնի գործողությունները կանխելու համար, պատասխանատվության ենթարկել և դատարանին փոխանցել լրագրողների և ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ հանցագործություն կատարած անձանց, տուժածների համար իրավական պաշտպանության պատշաճ միջոցների հասանելիություն ապահովել։

Վիշինսկու գործը

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ տեղեկատվական գործընկերոջ` «ՌԻԱ Նովոստի – Ուկրաինա» պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկուն ձերբակալել են Կիևում 2018 թվականի մայիսի 15-ին։ Լրագրողին հայտնել են, որ նրան կասկածում են Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին սատարելու և պետական դավաճանության մեջ։ Այդ հոդվածով առավելագույնը մինչև 15 տարվա ազատազրկում է նախատեսվում։

Մայիսի 17-ին Խերսոնի քաղաքային դատարանը որոշել է կալանավորել Վիշինսկուն։ Պաշտպանական կողմը բողոքարկել է այդ որոշումը, բայց դատարանը մերժել է բողոքարկումը։ Վիշինսկին դատական նիստի ժամանակ օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանի նախագահին։ Նա նաև հայտարարել է, որ կհրաժարվի Ուկրաինայի քաղաքացիությունից։

Վլադիմիր Պուտինը իրավիճակն աննախադեպ է անվանել։ Մոսկվան բողոքի նոտա է հղել Կիև` պահանջելով դադարեցնել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները։