«Ակնհայտ հերյուրանք». Քոչարյանի գրասենյակը դատի է տալու գործարար Սիլվա Համբարձումյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է գործարար Սիլվա Համբարձումյանի մեղադրանքներն ու դրանք ակնհայտ հերյուրանք է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը դատի է տալու գործարար Սիլվա Համբարձումյանին։ Այս  մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նոյեմբերի 2–-ին մամուլի ասուլիսի ժամանակ գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ վերջերս ձերբակալված գործարար Սամվել Մայրապետյանը յուրահատուկ «փոստատար» էր աշխատում` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին խոշոր կաշառքներ փոխանցելու համար։

Սիլվա Համբարձումյանը պնդում է` կաշառք է տվել նախկին նախարարին. նա մանրամասներ է հայտնել

Համբարձումյանը նշել է, որ նա վաճառում էր իրեն պատկանող հանքարդյունաբերական ընկերությունը «մի արաբ շեյխի»։ Որպեսզի 40 միլիոն դոլար արժողությամբ գործարքը չտապալեն, կինը Մայրապետյանի միջոցով խոշոր կաշառք է փոխանցել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Համբարձումյանի ասածներից ոչինչ չի կարող համապատասխանել իրականությանը։ Սա ակնհայտ հերյուրանք է։ Այդ պատճառով մենք դատարանում նրանից բացատրություն կպահանջենք», – ասաց Սողոմոնյանը։

Նշենք, որ նման մեղադրանքներ Համբարձումյանը հնչեցրել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հասցեին։