Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա
Եթե նախկինում գյումրեցիները կատակում էին, թե քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքի փողոցները քանդում է Վարդան Ղուկասյանի «թուղթն ու գիրը» գտնելու համար, ապա ցրտերն ու անձրևներն ընկնելուն պես հիմնանորոգման համար քանդվող փողոցների ու մայթերի մասին գյումրեցիներն այլևս կատակելու ցանկություն չունեն:
Միայն հուշում են իրենց ծանոթներին՝ Գյումրի գալ հատուկ հանդերձանքով ու ոչ թանկարժեք մեքենաներով:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում ընթացող քաղաքաշինական աշխատանքները միանգամից քաղաքի մի շարք հատվածներում մեկնարկեցին՝ ավելի ճիշտ մեկնարկեցին փողոցների քանդման աշխատանքները: Քաղաքային իշխանությունների՝ «որ չքանդենք ինչպես սարքենք» պատճառաբանությունը գյումրեցիներն այդպես էլ չեն հասկանում՝ մեկ փողոցը չհիմնանորոգված, ինչու քանդել մյուսը, ավելին՝ քանդված են ինչպես փողոցներն, այնպես էլ՝ մայթերը. ո՛չ տրանսպորտը շարժվելու ճար ունի, ո՛չ հետիոտնը:
Ցավոք, իրականացվող ասֆալտապատումը շատ փողոցներում այս տարի անավարտ կմնա: Իսկ որոշ հատվածներում, որտեղ հիմնանորոգվում է իրականացվել, բնակիչներ ահազանգում են՝ շինաշխատանքներն անորակ են. նույնիսկ անզեն աչքով կարելի է խախտումներ տեսնել:
Թեև աշխատանքների ձգձգման համար աշխատանքների պատվիրատուն՝ Գյումրու քաղաքապետարանը լուրջ ու հիմնավոր պատճառներ է բերում՝ հիմնականում աշխատանքների բարդությունների, նախագծային փոփոխությունների, մաշված կոմունիկացիոն ցանցի փոփոխության և այլն:
Բայց գյումրեցիները դժգոհ են:
Իսկ հիմնակնում դժգոհ են այն թաղամասերի բնակիչները, որտեղ հիմնանորոգումն ընթանում է: Իրենց բողոքն ու դժգոհություն են արտահայտում նաև այն փոքր ու մեծ բիզնեսները, որոնց գործն այս ընթացքում տուժել է՝ սոցիալապես առանց այն էլ վատ պայմաններում գտնվող Գյումրիում շատ գործարարներ իրենց կամքին հակառակ պարապուրդի են մատնված:
Շինարարական աշխատանքներն այս պահին ակտիվ ընթանում են, բայց գյումրեցիները զարմանում են՝ անձրևին էին սպասում, որ «ավելի լա՞վ» աշխատեն:
Սակայն նույնիսկ նման արագ տեմպով աշխատանքներն ավարտելն անիրատեսական է:
«Այս տեմպով, բնականաբար շինարարություն իրականացնել հնարավոր չէ: Ճիշտ է դեռևս ժամկետ կա, բայց առջևում ձմեռ է: Այսօր բազմաթիվ բողոքներ ենք մենք ստանում քաղաքացիներից՝ գրավոր, բանավոր, սոցիալական ցանցերում»,-նշում է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Պատվիրատուն փաստում է՝ «Այո, կա փուլերի գրաֆիկների շեղում, բայց ընդհանուր պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետի բացթողում ու շեղում, որից ելնելով պատվիրատուն կարող է կիրառել տուժեր ու տուգանքներ, այս պահին չկան»,-նշում է քաղաքապետի խորհրդական Արարատ Բալաբեկյանը՝ փաստելով, որ որակի համար պատասխանատվություն կրում է տեխնիկական հսկողություն իրականացող կազմակերպությունը:
Մինչ պատվիրատու-վերահսկող-շինարար-նախագծող՝ փոխադարձ մեղադրանքներ են ուղղում, գյումրեցիները անանցանելի ճանապարհները հատելու հնարքներն են սովորում՝ փորձելով այս ամենին «ըմբռնումով » մոտենալ:
Ամեն դեպքում Գյումրի գնացեք հին խորհրդային մեքենաներով և ռետինե «սապոգներով»: