Արտգործնախարար. Հայաստանը հստակորեն ցույց տվեց ԱՄՆ–ին իր առաջնահերթությունները

Հայաստանը զարգացնում է հարաբերությունները ԱՄՆ–ի հետ։ Ամերիկացի գործընկերները գիտեն Ռուսաստանի ու Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը հստակորեն ցույց տվեց ամերիկացի գործընկերներին իր ազգային անվտանգության առաջնահերթությունները։

Զարիֆը շնորհակալություն է հայտնել Մնացականյանին. աղբյուր

Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը` 2019 թվականի Հայաստանի բյուջեի քննարկման ժամանակ` մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնի հայաստանյան այցը։

«Իհարկե, մենք ազգային անվտանգության առաջնահերթություններ ունենք։ Բոլտոնի այցն այդ հարցերը քննարկելու լավ առիթ դարձավ։ Շատ կարևոր է հասկացնել ամերիկացի գործընկերներին մեր տեսակետը հիմնական հարցերով, ցույց տալ մարդկանց մեր գործողությունների տրամաբանությունը», – ասաց Մնացականյանը։

ԱՄՆ–ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է։

Միաժամանակ արտգործնախարարի պաշտոնակատարն ասաց, որ ամերիկացի գործընկերները գիտեն Ռուսաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակի մասին։

Հիշեցնենք` ԱՄՆ–ի նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը Հայաստան էր այցելել Հարավային Կովկաս ու Ռուսաստան տարածաշրջանային այցի շրջանակում։