ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին շնորհակալություն է հայտնել Իրանի հանդեպ Երևանի որդեգրած բարեկամական հստակ դիրքորոշումների համար։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Նա նշել է, որ ըստ իրանական աղբյուրից ստացված տեղեկատվության՝ նոյեմբերի 1-ին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է դեսպանին, որը հայկական կողմին է փոխանցել ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի շնորհակալական ուղերձը։
«Եթե այդ ուղերձը թարգմանենք իրանական դիվանագիտության լեզվից, ապա ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանը չափազանց գոհ է հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում Իրանի հանդեպ Երևանի որդեգրած բարեկամական հստակ դիրքորոշումներից»,– գրել է Ոսկանյանը։
Հիշեցնենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին ԱԺ–ում խոսել էր հայ–իրանական հարաբերությունների մասին` նշելով, որ Իրանի հետ հարաբերությունը պետք է զերծ լինի աշխարհաքաղաքական ազդեցություններից։