ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ԵԱՀԿ դիվանագետները ողջունում են Երևանի ու Բաքվի` երկխոսության գնալու պատրաստակամությունը։ Այս մասին նշված է Հայաստան, Ադրբեջան ու Ղարաբաղ կատարած ԵԱՀԿ Մինսկի խմբի այցերի արդյունքներով կազմված հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 29–ին համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում, իսկ նոյեմբերի 1–ին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում։ Երկու մայրաքաղաքներում արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների հետ հանդիպումներ են անցկացվել։
«Հոկտեմբերի 30–31–ին համանախագահները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի դե–ֆակտո իշխանությունների հետ ու այցելեցին Քելբաջարի ու Աղդամի շրջաններ։ Հոկտեմբերի 31–ին մասնակցեցին շփման գծում հրադադարի համաձայնագրի մոնիթորինգին»,– նշվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ երկու կողմերի ղեկավարները հաստատել են, որ սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ կայացած իրենց զրույցի արդյունքում լարվածությունը շփման գծում նվազել է։
Երկու պետությունների արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել մինչև տարեվերջ։