ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կքննարկվի կազմակերպության գագաթնաժողովում, որը կկայանա նոյեմբերի 8-ին Աստանայում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
«Այս պահին չեմ կարող ասել` ով կփոխարինի նրան։ Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, անկասկած, կքննարկվի»,– ասաց Եղոյանը։
Հայկական ԶԼՄ–ները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հավանական թեկնածու են նշում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը կտրականապես հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովն այսօր ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Հիշեցնենք` Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:
Որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից: