ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Մելքոնյանների ընտանիքի բազմազավակ մայրը` 42-ամյա Անժելան, 15-րդ երեխային է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է «ՄԻՐ 24»–ը։
«Դժվարություններ կային, բժիշկները կեսարյան առաջարկեցին, բայց ես հրաժարվեցի։ Բոլոր երեխաներիս բնական ճանապարհով եմ ունեցել», – պատմել է Անժելան։Թեև ընտանիքի հայրը երրորդ կարգի հաշմանդամ է, բայց նա ձեռքերը ծալած չի նստում. Մեծ ընտանիքին կերակրել է պետք։ Նա եկամուտը մեծացնելու մի քանի գաղափար ունի` զբոսաշրջիկներին ցույց տալ` ինչպես է թխվում լավաշը, ինչպես են ուտելիք պատրաստում մեծ ընտանիքի համար։
Մելքոնյանների ընտանիքում 10 աղջիկ և 5 տղա կա։ 2016 թվականին Sputnik Արմենիան անդրադարձել էր նրանց ընտանիքին։
Այն ժամանակ ընտանիքի կրտսեր որդին խոստովանել էր, որ ուզում է նախագահ դառնալ, իսկ բազմազավակ մայրը նշել էր, որ աղջիկներից մի քանիսին բիբլիական անուններ է տվել։ Sputnik–ի այն պնդմանը, թե կարելի է հայտ ուղարկել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար, ընտանիքի անդամները նշել էին, որ ավելորդ փառքի չեն ձգտում։