Հայաստանում ձերբակալված թուրքին կհանձնեն ԱՄՆ–ին

Դատախազությունը բավարարել է Հայաստանում ձերբակալված ազգությամբ թուրք Քևին Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու միջնորդությունը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի դատախազությունը բավարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քևին (Քեմալ) Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Թուրքին բռնել են Հայաստանում. նա գումարներ է ստացել ադրբեջանական ընկերությունից

ՀՀ գլխավոր դատախազությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քևին (Քեմալ) Օքսուզին հանձնելու վերաբերյալ:

ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում:

Քևին (Քեմալ) Օքսուզը միջազգային հետախուզման մեջ էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից նյութեր կեղծելու ու թաքցնելու համար։ Նա հակաօրինական գործունեություն էր ծավալել նաև Հայաստանում։

Հայաստանում նրա հիմնած The Sena Group ընկերությունը խուսափել է հարկերի վճարումից։ The Sena Group ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քևին (Քեմալ) Օքսուզի տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը քրեական գործ էր հարուցել։