ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծ ցավ ապրեցի՝ տեղեկանալով հայկական սպորտի լեգենդներից մեկի՝ հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին:
Յուրի Վարդանյանը հայկական մարզաշխարհում չափանիշ ու օրինակ էր շատերի համար: Իր օլիմպիական ու համաշխարհային ռեկորդներով նա ապացուցեց, որ անհնարինն ընդամենը մարտահրավեր է, որը հնարավոր է հաղթահարել, որ անհնարինը կարելի է հնարավոր դարձնել:
Նրա հաջողությունները բարձրացնում էին մեր ազգային ոգին և բնավորություն ու կամք կոփում: Մենք կորցրեցինք մարզական լեգենդին, որի հետ իմ անձնական հանդիպումները հիշում եմ առանձնակի ջերմությամբ: Նա նաև հասարակական ու պետական կյանքի ակտիվ մասնակիցն էր և մշտապես Հայրենիքի հետ էր իր մտքերով ու ծրագրերով:
Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին, կիսում նրանց վիշտն ու տխրությունը:
Յուրի Վարդանյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում ու հոգիներում»: