Ե՞րբ թեժացում կլինի Արցախում. քաղաքագետը կանխատեսում է արել

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսել է ղարաբաղյան հակամարտության թեժացման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության թեժացումը հնարավոր է գարնանը, բայց հավանականությունը մեծ չէ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Չեմ կարծում, որ լուրջ բախումներ կլինեն, բայց թեժացում հնարավոր է գարնանը, թեև դրա հավանականությունը մեծ չէ», – ասաց նա։

Իսկանդարյանի խոսքով` այսօր ոչ ոք չի փորձում լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Քննարկվում են միայն վստահության միջոցներ ստեղծելու, սահմանի մոնիտորինգի, բռնության նվազեցման, թեժացումը կանխելու հարցերը։ Ինչպես նշեց Իսկանդարյանը, այդ ամենը հակամարտության լուծում չէ, այլ կառավարում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հերթական հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին Միլանում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակում։