Ուղևորի հիստերիան 13 չինացու մահվան պատճառ է դարձել. մահացու ելքով վեճի տեսանյութը

Չինացի վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը, և ավտոմեքենան ընկել է Յանցզի գետը։ Մեղավորը կին է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Չինաստանում վարորդի և ուղևորուհու վեճը 13 մարդու մահվան է հանգեցրել։ Այս մասին հայտնում են Չինաստանի լրատվական գործակալությունները։

«Սինհուան» հայտնում է, որ ագրեսիվ կինը սկզբում վիճել է ավտոբուսի վարորդի հետ, հետո վիճաբանությունը ծեծկռտուքի է վերածվել։ Կնոջ հիստերիայի պատճառը եղել է երթուղու փոփոխությունը, ինչի պատճառով ուղևորուհին չի կարողացել իրեն անհրաժեշտ վայր հասնել։

Հասկանալով, որ իր կանգառը բաց է թողել` նա ափերից դուրս է եկել և ծեծել է վարորդին։ Տղամարդը սկսել է դիմադրել և շեղվել է ճանապարհից, որից հետո ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ավտոմեքենային և կամրջից ընկել Յանցզի գետը։

Միջադեպը տեղի է ունեցել անցած կիրակի, տեղի ժամանակով մոտավորապես 10.00–ի սահմանում (Երևանի ժամանակով 06.00–ի սահմանում) Չինաստանի Չունցին քաղաքի Վանչժոու շրջանում։ Մինչ տեսանյութի հայտնվելը իրավապահները նշել են, որ հավանական պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։

Չորեքշաբթի ստորջրյա ռոբոտների և հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրած լայնածավալ գործողությունների արդյունքում ավտոբուսը հաջողվել է դուրս բերել 70 մետր խորությունից ։