Դատարանը որոշել է կալանավորել մարտի 1–ի գործով քննիչին. փաստաբանը բողոքարկելու է որոշումը

Վահագն Հարությունյանի փաստաբանը կարծում է, որ իշխանություններն օգտագործում են հասարակական ճնշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Դատարանը որոշել է կալանավորել 2008թ–ի մարտի 1–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Մինչ այդ մենք արդեն բողոքարկել ենք հետախուզում հայտարարելու մասին որոշումը, քանի որ այն անհիմն և անօրինական ենք համարում։ Առայժմ չենք ստացել դատարանի որոշումը և մտադիր ենք բողոքարկել այդ որոշումը Վերաքննիչ քրեական դատարանում», – ասաց փաստաբանը։

Պողոսյանը կարծում է, որ իշխանություններն օգտագործում են հասարակական ճնշումը և դրդում դատարանին որոշում կայացնել։

Փաստաբանը կարծում է, որ ոչ մի փաստացի հիմք չի եղել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։ Նրա խոսքով` հետախուզության մեջ գտնվող անձը չի զանգահարում համապատասխան մարմին և չի հաղորդում իր գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

Կան ցուցմունքներ, որ Մարտի 1-ին բանակի զենքերից են կրակել. ՀՔԾ պետ

«Նա Մոսկվայում է, բուժում է ստանում։ Սակայն ես` որպես Հարությունյանի պաշտպան, խորհուրդ կտամ ծանր ու թեթև անել իրավիճակը և հասկանալ, թե նա ինչպիսի արդարադատության հույս ունի համապատասխան մարմին ներկայանալուց առաջ։ Նա պետք է հասկանա, թե ինչի հույս պետք է ունենա այն պայմաններում, երբ դատարանները գտնվում են ճնշման տակ և վախենում են հասարակական դժգոհությունից», – նշեց Պողոսյանը։

Ավելի վաղ հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ասել էր, որ զինված ուժերը, անկասկած, մասնակցել են 2008 թվականի մարտի 1–ի իրադարձություններին։ Մասնավորապես` բախումների վայրից հազարավոր փամփուշտների պարկուճներ են հավաքել։ Դրանք արձակվել են բանակային զենքից, բայց փոխարինվել են Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով։ Վահագն Հարությունյանը ներգրավված է որպես մեղադրյալ` հատկապես ծանր հանցագործության ապացույցների կեղծումը կազմակերպելու մեղադրանքով, իսկ բալիստիկ փորձաքննության հարցերով մասնագետ Արթուր Հովհաննիսյանը մեղադրվում է ապացույցների կեղծմանն աջակցելու մեջ։