ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի վերադարձը հնարավոր է և՛ Հայաստանի, և՛ Արդբեջանի համաձայնության դեպքում, այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Սա այն հարցն է, որը պետք է լուծեն հակամարտող կողմերը։ Ժամանակին Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում էին Բաքվի և Երևանի բանակցություններին։ Հայաստանի ղեկավարության առաջարկով այդ պրակտիկան փոխվեց, և բանակցությունները երկար տարիներ ընթանում են միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև», – ասել է Լավրովը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բանակցություններում արցախյան կողմին ներգրավելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։
Լավրովն ընդգծել է` բնականաբար, Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանն իր բանակցային դիրքորոշումներում հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները։
«Սակայն այսօրվա երկկողմ ձևաչափը փոխելու համար երկու կողմերի համաձայնությունն է պետք։ Որքան գիտեմ, նման համաձայնություն չկա, և ես նախապայմաններ առաջ չէի քաշի ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևոր հարցերը դիտարկելու համար», – ասել է Լավրովը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։