«Անցումային կառավարությունը տապալել է իր հանձնառությունը». Ավինյանի օգնական

Միքայել Նահապետյանն ազատվել է աշխատանքից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Տիգրան Ավինյանը politik.am-ի դեմ հայց կներկայացնի

Այդ մասին Նահապետյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից:

Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր կառավարություն: Տապալված ընտրական օրենսգիրքը հռչակված այդ ծրագրի առանցքային կետն էր: Եվ այդ մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, այդ մասին հայտարարվել է Աժ ամբիոնից, դա է արձանագրված անցումային կառավարության ծրագրի առաջին իսկ էջում:

Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը:

Առկա իրավիճակում պատասխանատվությունը հանրության առաջ չափազանց կարևոր է: Եվ, քանի որ այլևս որևէ հնարավորություն չկա կատարելու ստանձնած պարտավորությունը, ինձ այլ բան չի մնում` քան պաշտոնը թողնելը, որպես մեր հռչակած սկզբունքներին լուրջ վերաբերված մարդկանց առաջ պատասխանատվության վերջին միջոց, որպես իմ` այդ կառավարությունում գտնվելու առանցքային նպատակի տապալման գնահատական:

Շնորհակալություն»,- գրել է Նահապետյանը: