ՌԱԴԻՈ

Համբարյան. «Նախորդ նախագահին այդ մասին նամակ եմ ուղարկել, բայց արձագանք չի եղել»

Հասարակական գործիչ, գրող, երգահան Արսեն Համբարյանն ազատ և բաց ընտրություն անցկացնելու իր գաղափարն ունի, որի մասին պատմել է Sputnik Արմենիայի եթերում։
Sputnik

Համբարյանն առաջարկում է ընտրություններն անցկացնել իսկապես թափանցիկ, որ բոլորը տեսնեն` ով ում օգտին է քվեարկել։

«Գաղափարը վաղուց կար։ 2008 թվականին նույնիսկ նախորդ նախագահին նամակով ուղարկել եմ, բայց արձագանք չի եղել։ Ոչ միայն ընտրություններին, այլ ընդհանրապես հանրաքվեներին, սոցհարցումներին վերաբերող գաղափար է»,– ասում է նա։

Համբարյանը նշում է, որ պահի տակ հնարավոր է արդար ընտրություն կազմակերպել` ժողովրդական ալիքին հենվելով, բայց որպեսզի դա դառնա օրինաչափ, ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին պակասում է թափանցիկությունը։

«Եթե ամեն մարդ ընտրելու ազատ իրավունք ունի, ապա ես բաց ընտրելու իրավունք էլ ունեմ։ Օրինակ` ինձ հետաքրքիր կլիներ իմանալ, թե այն մարդիկ, որ խոսում են, ազգից, հայրենիքից, ո՞ւմ են ի վերջո ընտրում»,– ասում է նա։

Դրա համար առաջարկում է այդ ամենը ստուգել համակարգչով։

«Եթե ես կարողանամ համակարգչով ստուգել` իմ ձայնը տեղ է հասել, թե ոչ, նույնը կարողանա տեսնել յուրաքանչյուրը, ոչ մի խախտում չի լինի»,–ասում է Համբարյանը։

Նրա խոսքով` այդ դեպքում ամեն մարդ կարող է իր ձայնին տեր կանգնել։ Համբարյանը վստահ է` բոլոր մութ գործերը կատարվում են գաղտնիության քողի տակ։