Հայաստանի բազմազավակ ընտանիքներն ավելի հեշտությամբ կստանան դրամագլուխը

2019 թվականից հնարավոր կլինի ամսական ստանալ ոչ թե 25, այլ 50 հազար դրամ, ընդ որում` անմիջապես երեխայի ծնվելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի բազմազավակ ընտանիքների համար կթեթևացնեն դրամագլուխը ստանալու գործընթացը։ Համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Թոշակներն ու նպաստները կավելանան, բայց ոչ բոլորինը. ո՞ւմ բախտը կբերի

Այժմ երրորդ և չորրորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքը 1 մլն դրամ է ստանում, յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն 500 հազար դրամ:

Այդ գումարը կարելի է ստանալ մանկապարտեզի վարձը, հիփոթեքային կամ գյուղատնտեսական վարկը վճարելու, բարձրադիր և սահմանամերձ գյուղերում բնակարան կամ հողատարածք գնելու համար։ Գումարը կարելի է ստանալ նաև ընթացիկ ծախսերի համար, բայց ամսական 25 հազար դրամ, ընդ որում` երեխայի մեկ տարեկանը լրանալուց հետո։

2019 թվականի հունվարի 1-ից հնարավոր կլինի ստանալ ամսական 50 հազար դրամ և երեխայի ծնվելուց անմիջապես հետո։

Պրակտիկան ցույց է տվել, որ 5 ընտանիքից 4-ը գերադասում է գումարը ստանալ միանգամից` ընթացիկ ծախսերը հոգալու համար։ 2017 թվականին այդպիսի ցանկություն է հայտնել ընտանիքների 83%–ը։ Այդ պատճառով էլ որոշել են ընդառաջել և օգնել երիտասարդ մայրերին ու հայրերին։

2014-17 թվականներին ընդհանուր առմամբ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու համար նպաստ են ստացել 30 հազար ընտանիք, ընդհանուր գումարը 15.3 մլրդ դրամ է կազմել։