«Տանիքներ» ու «փայատերեր». Փաշինյանն ասաց` ինչպես է պատրաստվում պաշտպանել ներդրումները

Հայաստանի կառավարությունը քաղաքական կամք ունի, որ սեփականության վերաբաշխում թույլ չտա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Սեփականության ու ներդրումների անձեռնմխելիությունը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է լինելու։ Այսօր խորհրդարանում այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ներդրումների պաշտպանվածությունը առաջիկա տարիների կայուն տնտեսական զարգացման առանցքային գործիքներից է։

«Մենք քաղաքական կամք ունենք, որ սեփականության վերաբաշխում թույլ չտանք։ Սեփականության ցանկացած վերաբաշխումն իր հետ բացասական երևույթներ է բերում։ Չի կարելի ներդրումներ ակնկալել այն միջավայրում, որտեղ կառավարության անդամները կարող են խլել որևէ մեկի ունեցվածքը», – ավելացրեց վարչապետի պաշտոնակատարը։

Նրա խոսքով` պետք է լիովին բացառել այն իրավիճակը, երբ առաջ են գալիս տարատեսակ «տանիքներն» ու «փայատերերը»։ Այս հարցում Փաշինյանն ակնկալում է հասարակության բոլոր խավերի`գործարարների, ներդրողների, քաղաքացիների, իրավապահ մարմինների աջակցությունը։

Եթե պաշտոնյաներից որևէ մեկը այս կամ այն գործարարից, ներդրողից իր բաժինը պահանջի ու ասի, որ սա համաձայնեցված է «վերևների» հետ, ապա Փաշինյանը կոչ է անում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին, և այդ «փայատերը» կպատժվի օրենքի ողջ խստությամբ։