Հայաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են ամեն ինչ` Արցախից մինչև զենքի մատակարարում

Սարգսյանն ասել է` կցանկանար, որ Մինսկը ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման վայր դառնար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հաստատել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Մինսկի կողմից Բաքվին զենք մատակարարելու հարցը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանը հետ կկանչի Խաչատուրովին. Սարգսյան

Հայաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը կայացել է երեքշաբթի Մինսկում, ուր Սարգսյանը մեկնել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Ընթացիկ տարվա ապրիլին «Կոմերսանտը» հայտնել էր, որ Բելառուսը Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում մտադիր է իրականացնել առաջին արտահանման պայմանագիրը` Ադրբեջանին 10 «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարելու վերաբերյալ: Ռազմական փորձագետների կարծիքով` պայմանագիրը յուրօրինակ պատասխան է Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» համալիրների մատակարարմանը։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մայիսին տեղեկացրել էր, որ բելառուսական արտադրության «Պոլոնեզները» համալրել են ադրբեջանական բանակը։

«Մենք ամեն ինչ քննարկել ենք։ Ինչ վերաբերում է Բելառուսի` այս կամ այն երկրին զենք վաճառելու որոշմանը, եկեք մի կողմ թողնենք դա, քանի որ մենք բավականին բարեկամական գաղտնի զրույց ենք ունեցել նախագահի հետ», – ասել է Սարգսյանը։

Նա նաև ասել է` կցանկանար, որ Մինսկը ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման վայր դառնար։

«Երազում եմ` այնպիսի օր գա, երբ ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես կարգավորվի և ԼՂՀ կարգավիճակը պարզ լինի, և այդ փաստաթղթերը ստորագրվեն Մինսկում», – նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով` «Մինսկը կայունության և խաղաղության հետ կապված միջազգային բրենդ է դառնում»։ «Իզուր չէ, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով զբաղվող կազմակերպությունը Մինսկի խումբ է կոչվում», – հիշեցրել է ՀՀ նախագահը։