Իրանի հետ հարաբերությունը պետք է զերծ լինի աշխարհաքաղաքական ազդեցություններից. Փաշինյան

Հայաստանը հարգանքով է վերաբերվում այս կամ այն երկրի պաշտոնյաների հայտարարություններին, բայց Երևանն իր ազգային ու պետական շահերն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հարաբերությունները Իրանի ու Վրաստանի հետ պետք է ազատ լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից։ Այսօր խորհրդարանում այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի` Հայաստանում հնչեցրած հայտարարությունները։

Ոսկանյան. «Հայ–իրանական հարաբերություններում այս պահին սպասողական դրություն է»

Հարցազրույցներից մեկում Ջոն Բոլտոնն ասել էր. «Ինչպես բացատրեցի վարչապետին (խոսքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին է), մենք ուզում ենք հնարավորինս մեծ ճնշում գործադրել Իրանի վրա, քանի որ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու նախագծերից»։

Մեկնաբանելով այս հայտարարությունը` վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանը հարգանքով է վերաբերվում այս կամ այն երկրի պաշտոնյաների հայտարարություններին, բայց Երևանն իր ազգային ու պետական շահերն ունի։

Դրանք միշտ չէ, որ համընկնում են այլ երկրների շահերի հետ, այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը գործում է բացառապես սեփական երկրի ազգային ու պետական շահերից ելնելով։

«Որևէ մեկը չկասկածի, որ մենք մեր գործողությունները կառուցում ենք ՀՀ շահերից ելնելով, և դա վերաբերում է և՛ ԱՄՆ-ին, և՛ ՌԴ-ին, և՛ Իրանին։ Ու թող ոչ ոք չփորձի շահարկել դա», – ավելացրեց Փաշինյանը։

Նա կրկին հաստատեց, որ Հայաստանը պետք է սեփական հարաբերություններն ունենա Իրանի ու Վրաստանի հետ, որոնք ազատ կլինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից։ Այդ դիրքորոշումը հաստատվել է Բոլտոնի հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի դիրքորոշումը ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչների համար եղել է պարզ, ընկալելի և նույնիսկ ընդունելի։