Հայաստանում «Ինժեներական քաղաք» կստեղծվի. կառավարությունը հաստատեց

Ծրագրի իրականացման համար մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է նախատեսվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Կառավարությունը հաստատեց «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

«Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանում ինժեներական քաղաքի միջոցով նպաստել Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացումը:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, կանխատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում:

«Ինժեներական քաղաքը» նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ ոլորտի ընկերությունները: