Քանի՞ գործազուրկ կա Հայաստանում. նախարարի պաշտոնակատարը թվեր է հրապարակել

Մանե Թանդիլյանը գործազրկության ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքը ներկայացրել է թվերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում նվազել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։

«2018թ. 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 15,7 տոկոս (նոր մեթոդաբանությամբ՝ 20,2 տոկոս)՝ նախորդ եռամսյակի 17,6 տոկոսի (նոր մեթոդաբանությամբ՝ 20,6 տոկոս) և 2017թ. 2-րդ եռամսյակի 17,8 տոկոսի (նոր մեթոդաբանությամբ՝ 20,5 տոկոս) համեմատ»,– գրել է նա:

Ըստ նախարարի պաշտոնակատարի` թեև առկա է որոշակի դրական տեղաշարժ, սակայն գործազրկությունը շարունակում է մնալ երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը: Այդ առումով կառավարությունը որդեգրել է աշխատանքի խրախուսման քաղաքականություն և արվում է առավելագույնը ստեղծել այնպիսի տնտեսական միջավայր, որի կապահովի նոր աշխատատեղեր և նաև արժանապատիվ աշխատավարձ:

«Միևնույն ժամանակ, նվազել է նաև պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը՝ սեպտեմբերի վերջին կազմելով 66,700 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 10 տոկոսով: Ընդ որում, Նախարարության Զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանքի տեղավորվածների քանակը այս տարվա 3-րդ եռամսյակում կազմել է 3,500 մարդ, որը ավելի է 1,500-ով նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ»,– նշել է Թանդիլյանը:

Հարցերը կանխելու համար գրառման վերջում նա գրել է, որ սրանք զուտ համեմատելի վիճակագրական տվյալներ են: