Իտալացիները պատրաստ են ավելի էժան վաճառել Երևանում նոր ՋԷԿ–ից ստացած էլեկտրաէներգիան

Իտալական ընկերությունը 250 միլիոն դոլար կներդնի Երևանում ՋԷԿ կառուցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Ներդրողը, որը միջոցներ է ներդնելու Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման համար, համաձայնել է ստացած էլեկտրաէներգիան ավելի էժան վաճառել։ Այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Նա նաև նշեց, որ նախորդ իշխանությունը պայմանավորվել էր էլեկտրաէներգիան գնել 6,02 ցենտով (մեկ կիլովատ/ժամի դիմաց, առանց ՀՆԱ–ի)։

«Վերաբանակցման արդյունքում գործող համաձայնագրում նախատեսված սակագինը կկազմի 5,7 ցենտ», – ասաց Ավինյանը։

Այդ դեպքում սակագնային մարժան կնվազի տարեկան 6,4 միլիոն դոլարով։ Նշանակում է` նույնքան կնվազեն էլեկտրաէներգիան սպառողների ծախսերը։

Կառավարությունը կարծում է, որ կայանի սակագինն ընդունելի է։ Համեմատության համար` Վրաստանում «Գարդաբանի–2» (Ադրբեջանի սահմանին) ապագա ՋԷԿ–ի սակագինը կազմում է 5 ցենտ։ Սակայն Երևանում էներգետիկները գազը ստանալու են հազար խորանարդ մետրի դիմաց 201 դոլարով, իսկ Գարդաբանիում` 143 դոլարով։

Ինչու «Սպայկան» ու «Արմսանպրոդակտը» չեն կարող խոստումը կատարել. խոսքը միլիոնների մասին է

Եթե նրանք ստիպված լինեին նույն 201 դոլարը վճարել, ապա էլեկտրաէներգիան այնտեղ կարժենար 6,56 ցենտ։ Իսկ Երևանի նոր ՋԷԿ–ում արժենալու է 5,7 ցենտ։

Կայանը կկառուցի իտալական Renco ընկերությունը, որը 250 միլիոն դոլար կներդնի շինարարության գործում։ Աշխատանքներին կմասնակցեն 1000-1200 մարդ, հետո կայանը կսպասարկեն 200-230 էներգետիկները։ Նրանցից 50-70–ին ուղարկելու են Գերմանիա` Siemens ձեռնարկությունում վերապատրաստվելու։

Կայանը կարող է լրացնել էլեկտրաէներգիայի պակասուրդը սեզոնային տատանումների ժամանակ կամ այլ կայանների անսարքության դեպքում։

Կայանը պետք է կառուցվի 26 ամսվա ընթացքում։