ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Բանտարկյալներին հնարավոր կլինի տեղափոխել իրենց տներին ավելի մոտ գտնվող բանտեր։ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում այս և այլ փոփոխությունների նախագիծը հավանության ստացավ կառավարության այսօրվա նիստում։
Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այդ դեպքում ընտանիքի համար ավելի հեշտ կլինի այցելել բանտարկյալին։
Դատապարտյալին երկարատև տեսակցության (մինչև երեք օր) հնարավորություն կտրվի։ Սա վերաբերում է նաև ծանր հանցանք գործած մարդկանց։ Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար բանտերում անհրաժեշտ հարմարություններով սենյակներ կլինեն։
«Մենք համարում ենք, որ անկախ նրանից` անձը ինչ հանցանք է գործել, եթե կան օրենքով նախատեսված հիմքեր անձին կարճատև մեկնում տալու համար, ապա մենք այդ անձին կտրամադրենք, իսկ անվտանգության ապահովումը կկազմակերպվի։ Կարճատև մեկնում կտրվի այն դեպքում նաև, երբ նրա երեխան կյանքի դժվար իրավիճակում է հայտնվել», - ասաց Հովհաննիսյանը:
Բացի այդ, կվերանայվի 14 տարվա վաղեմության նորմը։ Թույլատրվելու է նաև, որ դատապարտյալն ամսվա ընթացքում ոչ թե մինչև 30 հազար դրամի գնումներ անի, այլ 60 հազարի` հաշվի առնելով, որ գնաճ է տեղի ունեցել, և առավելագույն շեմը պահպանելն արդարացված չէ:
Բանտարկյալները կկարողանան ID քարտ ստանալ (ինքնուրույն կամ բանտի վարչակազմի միջոցով) այն դեպքում, եթե նրանց պետք լինի անշարժ գույքի հետ կապված կամ այլ նմանատիպ գործարքներին մասնակցել։ Սակայն դատարանի որոշմամբ նա կարող է զրկվել այդ իրավունքից։
Առաջարկությունների փաթեթը մշակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ` դատապարտյալների իրավունքները պաշտպանելու նպատակով։