Հայաստանը հետ կկանչի Խաչատուրովին. Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը, ամենայն հավանականությամբ, հետ կկանչի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Այսօր Մինսկում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Քանի որ նա (Խաչատուրովը – խմբ.) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն է, Հայաստանն իրավունք ունի որոշելու` թողնել իր ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե ոչ։ Այս պահին այդ ուղղությամբ որոշակի իրավական գործընթաց է ընթանում։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին», – ասել է նա։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:

Որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: