Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու միջնորդությամբ հանդես գալու մտադրություն չունենք. ՀՔԾ

Գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հնարավորությանը:

«Մենք միջնորդությամբ հանդես գալու մտադրություն այս պահին չունենք»,- ասաց նա` նշելով, որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը:

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: