ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը: Այդ մասին նա հոկտեմբերի 30-ին հայտնել է Axios պարբերականին ԱՄՆ–ի սահմաններին մոտեցող մեքսիկացի ներգաղթյալների քարավանի ֆոնին։
«Մենք աշխարհում միակ երկիրն ենք, ուր մարդը ժամանում է, երեխա ունենում, և այդ երեխան ինքնաբերաբար դառնում է քաղաքացի՝ բոլոր համապատասխան արտոնություններով։ Դա ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի: Եվ պետք է վերջ դնել դրան»,- հայտարարել է Թրամփը։
Միաժամանակ նախագահը նշել է, որ դժվար չի լինի նախաձեռնությունը առաջ մղելը, դրա համար բավական է արձակել նախագահական հրամանագիր։
«Ինձ միշտ ասել են, որ դրա համար անհրաժեշտ կլինի ուղղումներ մտցնել Սահմանադրության մեջ: Եվ գիտե՞ք ինչ. անհրաժեշտ չէ», – ասել է նա։
Իր գաղափարը նա արդեն քննարկել է խորհրդականների հետ։ Թրամփի խոսքով` հրամանագիրն արդեն գտնվում է մշակման փուլում։
NBC հեռուստաալիքը հաղորդել է, որ այլ երկրների ապահովված բնակիչների շարքում բավական տարածված է դեպի ԱՄՆ «ծննդաբերական զբոսաշրջությունը»։ Առաջատար են ռուսաստանցիները։