Փոքր տարիքում Լևոնը վերցնում էր գնդակն ու փողոց դուրս գալիս` ֆուտբոլ խաղալու։ Եթե բակում հասակակիցների հանկարծ չէր հանդիպում, տուն չէր գնում, գլուխը կախ, այլ սկսում էր խաղալ մենակ` գնդակը պատին հարվածելով։ Հասավ նրան, որ Իշտոյանին նկատեց Լենինականում հայտնի մարզիչ Բախտիկ Մովսիսյանը։
Մովսիսյանը մեծացել էր մանկատանը, ֆուտբոլում ինքնուս էր, և այժմ երեխաներին էր խաղալ սովորեցնում։ Լևոնը 9 տարեկան էր, երբ Մովսիսյանը հանկարծակի նկատեց նրան «մարզման» ժամանակ և նշեց երկու ոտքերով լավ հարվածելու կարողությունը։ Այդպիսի տղայի բաց թողնել չէր կարելի, հավանաբար մտածեց մարզիչը, և Լևոնը սկզբում հայտնվեց տեղի «Շիրակ» ակումբի մանկական, իսկ մեկ տարի անց նաև պատանեկան թիմում։
Այնուհետև Իշտոյանը սկսեց խաղալ «Արարատում» և անմիջապես ուշադրություն գրավեց հիանալի դրիբլինգով և երկու ոտքերով լավ հարվածելու ունակությամբ։ Ճիշտ է, նա խաղում էր ըստ տրամադրության, իսկ մուսան նրան կարող էր խաղի օրը նաև չայցելել։ Լավ է, որ գոնե Կիևի «Դինամոյի» հետ խաղի եզրափակչի օրը մուսան հասցրեց այցելել վերջնական սուլոցից առաջ։
Հոկտեմբերի 31-ին Լևոն Իշտոյանը 71 տարեկան դարձավ. դրան դժվար է հավատալ, սակայն փաստ է։ Այդ խաղի երկու վճռական պահերին Իշտոյանը, ինչպես ինքն է ասում, ճիշտ ժամանակին ճիշտ վայրում էր հայտնվել։
«Առաջին անգամ գոլ խփեցի ձախ ոտքով, այդպես ավելի հարմար էր։ Խաղի նախավերջին րոպեին Անդրեասյանը գնդակը փոխանցեց Ղազարյանին, Կոլյայի հարվածը դարպասապահը հետ մղեց, ես հասա գնդակին, սակայն իմ առջև հայտնվեց Ռեշկոն։ Եթե հարվածեի աջ ոտքով, նա կընդուներ գնդակը։ Գնդակը գցեցի ձախ ոտքիս ոտնաթաթին, և քանի դեռ Ռեշկոն մտածում էր, թե ինչ ինչոց է, ես արդեն հարվածեցի ձախով։
Լրացուցիչ րոպեն սկսեց։ Մենք ավելի շուտ կհաղթեինք, եթե Նորիկ Մեսրոպյանը գնդակը դարպասն ուղարկեր, և ոչ թե հարվածեր դարպասաձողին։ Հավանաբար, հաղթական գոլն ինձ էր վիճակված։ Այժմ հիշում եմ, թե ինչպես էի երկրորդ գոլից հետո ամբողջ դաշտով վազում, չհասկանալով, ուր եմ գնում, իսկ հետևիցս վազում էր ամբողջ թիմը. դեռ առանց գավաթի, կարելի է ասել, պատվո շրջան կատարեցինք վազելով»։
Ասել, թե Հայաստանը ցնծում էր այդ երեկո և մի քանի օր դրանից հետո, նշանակում է ոչինչ չասել։ Լենինականում քաղխորհրդի շենքի դիմաց ժողովուրդը խաղաղ ցույց էր անցկացնում. մարդիկ պահանջում էին քաղաքային իշխանությունից կյանքի օրոք հերոսի պատվին արձան կանգնեցնել։ Ինչպես և սպասելի էր՝ մերժեցին, իսկ առավոտյան Լենինի արձանի մեջքին ներկով գրված 8 հայտնվեց. Իշտոյանն «Արարատում» այդ համարի ներքո էր խաղում։
Երևանցիները նույնպես յուրօրինակ քայլի դիմեցին և հավերժացրին հարձակվողի անունը։ Երևանի կենտրոնում միաձուլված ձեռքերի տեսքով արձան կա, Կարրարա իտալական քաղաքի նվերն է Երևանին, քաղաքների բարեկամության խորհրդանիշն է։ Այն ժամանակ շատերը միամիտ զրուցակիցներին վստահեցնում էին, թե արձանը կփոխարինեն, և իտալական ձեռքերի փոխարեն այժմ հայկական ոտքեր կլինեն` Իշտոյանի ոտքերը, բնականաբար։
Այսօր Իշտոյանը բնակվում է ԱՄՆ–ում, հաճախ լինում է հայրենիքում` ընկերներին տեսնելու, վետերանների խաղերին մասնակցելու համար։ Նա ասում է, որ եթե խաղար այսօր, առաջին հերթին կաշխատեր վազքի արագությունը և ռեակցիան բարելավելու ուղղությամբ։
«Այսօրվա ֆուտբոլում պետք է արագ խաղաս. արագ շարժվես, արագ մտածես։ Արագությունն է հաղթում։ Չեմ կարող ասել, թե մենք դանդաղաշարժ էինք, սակայն երբ այսօրվա ֆուտբոլն ես նայում, տարբերությունն ակնհայտ է»։
Ինչ վերաբերում է սպորտում հաճախակի դարձած դոպինգային սկանդալներին, որոնք դեռ շրջանցում են ֆուտբոլը, ապա այն ժամանակ, երբ Իշտոյանը դեռ խաղում էր դա անհնար էր։
«Մենք նույնիսկ չէինք պատկերացնում, որ նման բան հնարավոր է։ Այսօր տարբեր դոպինգների մասին են խոսում, որոնց մասին մենք անգամ գաղափար չունեինք։ Մենք առողջ տղաներ էինք, ցավոք, բարձրահասակ չէինք, այնպես որ «երկրորդ հարկում» այդքան էլ լավ չէինք խաղում, չէ՞ որ գլխով ևս գոլեր էին խփում»։
Վետերանը մի փոքր դժգոհում է նաև նրանից, որ ֆուտբոլի խաղացողների իր սերունդը փաստորեն միայն ԽՍՀՄ սահմաններում էր խաղում, համաշխարհային մակարդակի աստղերի հետ քիչ առնչվելով, բայց չէ որ միայն նման մենամարտերն են թույլ տալիս սովորել խաղալով և հասկանալ իրական գինդ։