ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի –Sputnik. Մի շարք փոփոխությունները, այդ թվում հարկային համակարգում, թույլ են տվել Հայաստանին էապես բարելավել դիրքերը Համաշխարհային բանկի (ԿԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2019 վարկանիշում։ Հանրապետությունը 190 երկրների թվում զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը` բարձրանալով 6 հորիզոնականով, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԲ–ի երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսուտրոն։
Նրա խոսքով` Հայաստանը բիզնես գործունեություն վարելու պարզության ցուցանիշով Doing Business-2019 վարկանիշում նախկին 47-րդ հորիզոնականի փոխարեն այժմ զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը նախևառաջ` ձեռնարկությունների գրանցման ընթացակարգը պարզեցնելու շնորհիվ։
Բացի այդ, երկրում կրճատվել է գրանցման միջնաժամկետը. նախկին 4.5 օրվա փոխարեն այժմ այն կազմում է 3.5 օր, ինչը թույլ է տվել գործարարներին գրանցվել որպես ԱԱՀ–ի վճարող։ Ինչպես նշեց Բոսուտրոն, հենց այս հանգամանքն է Հայաստանն այդ ցուցանիշով 7-րդ հորիզոնական դուրս բերել։
Եվս մեկ ցուցանիշ, որով Հայաստանը բարելավել է դիրքերը` «էլ. ցանցերին միացումն է»։ Այստեղ հանրապետությունը 17-րդ հորիզոնականն է զբաղեցրել, քանի որ միացման ժամկետները կրճատվել են 127-ից հասնելով մինչև 72 օր։
Մեկ այլ բարեփոխում է` միմյանց հետ փոխկապակցված ընկերությունների կամ բաժնետերերի գործարքների պարտադիր հրապարակումը։ Սա տրանսֆերտային գնագոյացման ճանապարհին արված առաջին քայլերից մեկն է, որը թույլ կտա կրճատել ցուցանիշը փոխկապակցված բիզնեսի միջև գործարքների դեպքում հարկերի չվճարման ոլորտում (օրինակ, մայր և քույր ընկերությունների միջև ապրանքների առքուվաճառքի դեպքում)։
Եթե համեմատենք Արևելյան Եվրոպայի մյուս երկրների հետ Հայաստանի ուժեղ կողմերից է շարունակում մնալ գույքի առքուվաճառքի գործարքների պարզությունը։ Բոլոր գործարքների համար միջինում մոտ 20 օր է պահանջվում, իսկ ծախսերը կազմում են գույքի արժեքի մոտ 2,6%, ի տարբերություն 4,2%–ի OECD երկրներում։
Չլուծված են մնում ձեռնարկությունների համար ցանցին միանալու արժեքի հետ կապված խնդիրները։ Եթե համեմատենք այն տարեկան միջին շնչի հաշվով ստացվող եկամուտը, ապա Հայաստանում էլեկտրականությանը միանալու համար բիզնեսից մեկ տարվա ընթացքում մեկ շնչին բաժին հասնող միջին եկամուտի 325%–ը կպահանջվի։
Ինչպես նշեց ՀԲ–ի երևանյան գրասենյակի ղեկավարը, անկախ արձանագրած առաջընթացից, երկիրը պետք է բարելավի ցուցանիշները շինարարություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար (այժմ զբաղեցնում է 98-րդ հորիզոնականը), ինչպես նաև սնանկության ոլորտում (այժմ հանրապետությունը 95-րդ հորիզոնականում է)։
Հիշեցնենք, որ բիզնես վարելու համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու առումով համաշխարհային վարկանիշում այս տարի կրկին առաջատարը Նոր Զելանդիան է։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Սինգապուրն ու Դանիան, նույնպես պահպանելով իրենց նախկին դիրքերը։ Նրանցից հետո գալիս են Հոնկոնգը, Հարավային Կորեան, Վրաստանը, Նորվեգիան, ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան և Մակեդոնիան։ Ռուսաստանը զբաղեցնում է վարկանիշի 31-րդ հորիզոնականը։
Doing Business զեկույցը կազմվում է արդեն 16-րդ անգամ և ընդգրկում 190 երկրներում ձեռնարկատիրության ոլորտում տիրող իրավիճակը։ Այն ուսումնասիրում է կարգավորման նորմերը, որոնք բիզնես գործունեության ողջ ցիկլի ընթացքում (այդ թվում ձեռնարկության ստեղծման, բիզնեսը վարելու, արտաքին առևտրային գործունեության իրականացման, հարկերի վճարման, ինչպես նաև ներդրողների իրավունքների պաշտպանության մակարդակը) նպաստում կամ խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը։