Թաթոյանը շնորհավորել է Արտակ Բեգլարյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր նորանշանակ գործընկերոջը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 Հոկտեմբեր — Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր նորանշանակ գործընկերոջը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

Տավուշի փաստահավաք աշխատանքների արդյունքները ՄԻՊ-ը ներկայացրել է ԿԽՄԿ պատվիրակությանը

«Արցախը պետք է քաղաքակիրթ աշխարհին ճանաչելի դարձնել իր ժողովրդավարությամբ, իրավապաշտպան համակարգով ու քաղաքացիական հասարակությամբ: Չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը խոչընդոտ դառնալ իրավունքների պաշտպանության համար:

Արցախը պետք է դարձնել քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը՝ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանության լիարժեք նախադրյալների ստեղծմամբ»,-մասնավորապես նշել է Արման Թաթոյանը:

Նա շեշտել է, որ մինչ այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարողացել է պատվով հաղթահարել անլուծելի թվացող բազմաթիվ մարտահրավերներ:

Նա նաև տեղեկացրել է, որ վերջին տարիներին առավել ամրապնդվել և արդյունավետ է դարձել Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ աշխատանքը:

«Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հայտնում եմ պատրաստակամությունս զարգացնելու մեր կառույցների միջև ձևավորված ամուր համագործակցությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանությանն ու երաշխավորմանը»,- եզրափակել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Հիշեցնենք, այսօր՝ հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել է Արտակ Բեգլարյանին: