ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` նշելով, որ դրանք փաստացի ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։
«Եվ ահա ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ Սա իմ գրասենյակի և մի մասնավոր հետազոտողի համագործակցության արդյունքն է»,- գրել է նա:
Ըստ Ավինյանի` կապույտով նշված են այն հողերը, որոնք փաստացի ոռոգվում են, իսկ սև շտրիխներով` այն հողերը, որոնց համար ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր։
«Այս աշխատանքի արդյունքում «ստվերային այգիները» կբացահայտվեն և կստանան համապատասխան գրանցում, ինչի արդյունքում կստանանք ոռոգվող հողատարածքների իրական պատկերը»,- վստահեցրել է Ավինյանը։
Նա ընդգծել է, որ համապատասխան գերատեսչությունները պետք է սկսեն էլ ավելի ինտենսիվ կիրառել նորագույն տեխնոլոգիաները նման ուսումնասիրություններում, և այսպիսի խնդիրները պետք է րոպեների ընթացքում բացահայտված լինեն։