Հայաստանն ուզում է ամրապնդել Իրանի հետ «թմրանյութային» համագործակցությունը

Թմրանյութը հիմնականում Հայաստան է հասնում իրանական սահմանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի մաքսային մարմինները կուժեղացնեն համագործակցությունը իրանցի գործընկերների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը։

Նա նշեց, որ թմրանյութ տեղափոխողների մեծ մասը հենց Իրանից է Հայաստան գալիս, այդ պատճառով Մեղրիի անցակետն ու ընդհանուր առմամբ Արաքս գետի սահմանը ուժեղացված հսկողության տակ է։

Թմրանյութերի մի մասը հայ սպառողների համար են բերում, մյուս մասը` երրորդ երկրների։ Օրինակ` սեպտեմբերի սկզբին երկու մարդ Հայաստան էին եկել Իրանի սահմանով, հատել էին երկրի սահմանը, նրանց ձերբակալել էին միայն Վրաստանի հետ սահմանին։ Այդ մարդկանց մոտ կես կիլոգրամ հերոին էր հայտնաբերվել։

Թմրանյութերի մի մասը Իրան է հասնում Աֆղանստանից ու Պակիստանից։

«Ցավոք, վերջին ժամանակաշրջանում համատեղ աշխատանքի փորձ չունեինք։ Այդ պատճառով մտադիր եմ դիմել իրանցի գործընկերներիս, որպեսզի համատեղ գործողությունների ծրագիր մշակենք», – ասաց Վարդանյանը։

Հայաստանում հայտնաբերել են նաև անձանց, որոնք փորձել են թմրանյութ տեղափոխել Ռուսաստանից, ԱՄՆ–ից ու Բրազիլիայից։ Թմրանյութերի մի մասը հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների մոտ, մյուսը մասը` ծանրոցներում։