Արտակարգ դեպք Երևանում. կինը խոշոր գումար է հափշտակել բանկից

Բանկի տնօրենը հայտնել է, որ կինը գումարը հափշտակել է կեղծ անձնագրով ու տվյալներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. «ՎՏԲ Հայաստան Բանկից» խոշոր գումար են հափշտակել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երևանում կին վարորդը 10 տարեկան երեխայի է վրաերթի ենթարկել

Օրեր առաջ Երևանի բնակիչ Վահե Ադյանը դիմել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 25-ին «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 10 մասնաճյուղում, որը գտնվում է Դրոյի փողոց 15 հասցեում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ծաղիկ Աթանյանը բանկի մասնաճյուղում ներկայացել է մեկ այլ անվամբ, ներկայացրել այդ անունով անձնագիր և կնքել փոխառության պայմանագիր։

Պայմանագրից հետո բանկից վերցրել է 2 մլն դրամ՝ «Յունիբանկում» գրավադրված ոսկյա զարդերի գումարը մարելու և իրենց բանկ տեղափոխելու պատրվակով։

Ադյանը հայտնել է, որ նա չի կատարել իրենց բանկին տրված խոստումը ու տիրացել է հիշյալ գումարին։

Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ծ. Աթանյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ Վ. Ադյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն։