ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը միացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործող Բարձր դատարանների ցանցին (ECHR Superior Courts Network): Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը:
«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի անունից դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գուիդո Ռայմոնդիին` Բարձր դատարանների ցանցին միանալու համար: Ի պատասխան` պարոն Ռայմոնդին ողջունել է Ցանցի անդամ դառնալու՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ցանկությունը և հետաքրքրվածությունը:
Այսօր արդեն Ցանցը հասանելի է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին:
Ցանցին անդամակցումը հնարավորություն կտա`
— առավել արդյունավետ և արագ տեղեկատվություն ստանալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների վերաբերյալ,
— ներկայացնելու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի առկա պրակտիկան, որն առնչվում է Կոնվենցիայի կիրառմանը,
— Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների հիման վրա զարգացնելու և կատարելագործելու դատական պրակտիկան»,- նշել է Մկրտչյանը։