Ռուսաստանի ԱԴԾ–ն ահաբեկիչների է ձերբակալել Թաթարստանում. տեսանյութ

Թաթարստանում ձերբակալել են գրոհայինների, որոնք ահաբեկչական մի քանի գործողություն էին ծրագրել։ ԱԴԾ–ն հրապարակել է նրանց ձերբակալելու կադրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Թաթարստանում բացահայտել է ահաբեկչական գաղտնի բջիջ, որի անդամները կապ ունեն «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) խմբավորման հետ և հրապարակել նրանց ձերբակալման տեսանյութը։

ԱԴԾ հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած 2-րոպեանոց տեսանյութում երևում է, թե հատուկ նշանակության զորքերն ինչպես են բերման ենթարկում ծայրահեղականներին։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ ԱԴԾ-ն Ներքին գործերի նախարարության և Ռոսգվարդիայի հետ համագործակցելու արդյունքում Թաթարստանում անցկացրած հատուկ գործողությունների շրջանակում կասեցրել է ԻՊ կողմից համակարգվող գաղտնի ահաբեկչական բջջի գործունեությունը։

Խմբի անդամները մտադիր էին երկրում ահաբեկչությունների շարք իրականացնել, այնուհետև միանալ Սիրիայում գտնվող գրոհայիններին: Այդ նպատակով փորձել են համախոհների հավաքագրել։

Խմբի անդամներից մեկին ձերբակալել են այն պահին, երբ նա փորձել է զենք հանել Նաբերեժնիե Չելնիում գտնվող պահեստից: Միաժամանակ ձերբակալել են խմբի ևս վեց անդամի և 11 քաղաքացու, որոնք հայտնվել են նրանց ազդեցության տակ: Խուզարկության ընթացքում առգրավվել է հրազեն, զինամթերք, ծայրահեղական գրականություն:

ԱԴԾ-ի հաղորդագրության համաձայն` խմբավորման առաջնորդը նախկինում դատապարտված է եղել ԻՊ-ի գաղափարները քարոզելու համար: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։