«Գող պատվիրե՞լ եք». ինչպե՞ս են իրենց զգում քրեական տարրերը «հետթավշյա Հայաստանում»

Հայաստանի իշխանությունները վերջին 10 տարիների ընթացքում ոչինչ չեն արել քրեական աշխարհի դեմ իրական պայքարի համար։ Քաղաքական փոփոխություններից հետո իրավիճակը կարող է կտրականապես փոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Տարիներ շարունակ Հայաստանում ընդունված էր համարել, որ քրեական աշխարհի ներկայացուցիչներն իրենց բավականին ազատ են զգում, ազդում են քաղաքական գործընթացների վրա ու վայելում են երկրի բարձրագույն ղեկավարության հովանավորությունը։ Այդ կարծրատիպը, համենայն դեպս մասամբ, կոտրվեց «թավշյա հեղափոխությունից» հետո։

«Օրենքով մեկենասը». ո՞վ է Դոն Պիպոն, և ինչպես նա դարձավ Օռնելա Մուտիի սիրելի հայը

Սակայն հեղափոխության առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս հասկացրեց, որ քրեական տարրը քաղաքականությունից ամբողջովին հանված չէ։  Դրա մասին վկայում են տեղական ընտրությունները Կապանում, որտեղ հաղթեց ոչ թե Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչը, այլ ինքնաառաջադրված թեկնածուն։ Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, ասել էր, որ ընտրություններն ազնիվ էին, բայց միաժամանակ արդյունքի վրա ազդել է քաղաքական ու տնտեսական վերնախավի  անառողջ ազդեցությունը, իսկ պատճառն այն է, որ հեղափոխությունն այնտեղ բոլորին չի հասել։ Փաշինյանն այսպիսով ակնարկեց ինչ-որ քրեական տարրերի ներկայության մասին։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` Հայաստանի իշխանությունը, համենայն դեպս վերջին 10 տարիների ընթացքում, քրեական աշխարհի դեմ իրական պայքարի համար ոչինչ չի արել։ Ավելին` երկրում իշխանությունն ու քրեական աշխարհը սերտաճել են։

Եղիազարյանի կարծիքով` այդ տգեղ պրակտիկան ամենաշատն արտահայտվում էր ընտրությունների ժամանակ։

«Լինելով ոչ լեգիտիմ` երկրի իշխանությունն ամեն գնով փորձում էր ընտրություններում պահել իր տեղերը։ Հասկանալի է, որ այդ խնդիրն անհնար կլիներ լուծել առանց քրեական տարրերի օգնության։ Դեռ մինչ ընտրությունները կարճվում էին բազում քրեական գործեր, իսկ տարբեր հանցանքներում կասկածյալները կամ մեղադրվողները ազատ էին արձակվում` գործող իշխանության հաղթանակ մեջ ներդրում անելու համար», – ասաց Եղիազարյանը։

Լավերի փայը չէր հասցրե՞լ. Սուրիկին «գահընկեց են արել» բազմամիլիոնանոց խարդախության համար

Փոխարենը իշխանությունները քրեական շրջանակների գործունեության համար կանաչ լույս էին վառում։ Հայաստանն այս տարիներին գողերի տարատեսակ հավաքների համար հարմար տեղ էր։ Մեծածավալ հավաք է կայացել 2015 թվականի հունվարին, երբ փոքր հանրապետությունում հավաքվել էին աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 100 գող։

Եղիազարյանը նշում է, որ հավաքն ի սկզբանե պետք է անցկացնեին Ռուսաստանի տարածքում, սակայն բոլոր փորձերը ձախողվել էին, արդյունքում որոշվել էր գողական «համաժողովը»  անցկացնել Հայաստանում։

«Դեդ Հասանի մահից հետո քրեական աշխարհի առաջնորդները ազդեցության ոլորտները փոխելու խնդիր ունեին։  Իսկ Հայաստանում հավաք անցկացնելն առանց երկրի բարձագույն ղեկավարության «հավանության» անհնար կլիներ։ Ու եթե իրավապահ մարմինները աչք են փակել հավաքի վրա, ապա նշանակում է, որ բարձրագույն իշխանությունը նման հրահանգ էր տվել։ Հակառակ դեպքում ոստիկանապետն ու ուժային կառույցների մնացած ղեկավարները հաջորդ օրը հրաժեշտ կտային իրենց պաշտոններին», – ասում է ԱԱԾ նախկին ղեկավարի տեղակալը։

Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ քրեական աշխարհի ներկայության վերացման գործողություններին, ապա Եղիազարյանը խոսքերի ու գործերի միջև որոշակի հակասություններ է տեսնում։

Դեդ Հասանի և Յապոնչիկի մահը. պատվիրված և չբացահայտված ամենաաղմկահարույց սպանությունները

«Փաշինյանի հայտարարությունները՝ Կապանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, քննադատությանը չեն դիմադրում։ Եթե ընտրությունների արդյունքի վրա ազդել է կիսաքրեական վերնախավը, ապա ի՞նչ էին անում իրավապահ մարմինները։ Նրանք անգործությա՞ն են մատնված։ Այդ դեպքում ու՞ր են աղմկահարույց ծառայողական հետաքննությունները։ Այստեղ մի բան չի համընկնում», – կարծում է մեր զրուցակիցը։

Ըստ նրա` «կաղում» են նաև երկրի ղեկավարության փաստարկները հօգուտ նախկին փոխոստիկանապետի Սյունիքի մարզպետ նշանակվելուն։ Մարզպե՞տը պետք է պայքարի  թմրանյութերի ենթադրվող տրանզիտի դեմ, թե՞ դա ամեն դեպքում ԱԱԾ–ի աշխատանքն է։ Կոպիտ ասած, եթե դա պետք է անի մարզպետը, ապա ինչի՞ համար է պետք մի բանակ ուժայիններ պահել, իսկ եթե դա պետք է անեն ուժայինները, իսկ նրանք չեն կատարում իրենց գործառույթը, ապա ինչո՞ւ են մնում իրենց պաշտոններին։

Եղիազարյանի խոսքով` գործառույթների նման անորոշությունն ու լղոզվածությունը խոչընդոտում է մարմինների արդյունավետ աշխատանքը, երկրի ու հասարակության իրական մաքրմանը քրեական տարրերից։