«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը Երևանում. Հայաստանում ինտելեկտուալ տոնախմբություն է լինելու

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունը ոչ միայն նշանավոր իրադարձություն կլինի, այլև կխթանի Հայաստանի զբոսաշրջությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի XVI առաջնությունը կկայանա Հայաստանում։ Կազմակերպչական կոմիտեի ղեկավարությունը կարծում է, որ առաջնությունը ոչ միայն նշանավոր իրադարձություն կլինի, այլև տեղեկատվական, քարոզչական, զբոսաշրջային, մշակութային նշանակություն կունենա։

«Լայնամասշտաբ իրադարձությունը նախատեսված է նոյեմբերի 3-4-ին։ Առաջնությանը մասնակցեն 65 թիմ` 400 մարդ 26 երկրից։ Վերջին տարիների ընթացքում մասնակիցների աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է։ Հայաստան են գալու ԱՄՆ-ից, Կանադայից, եվրոպական երկրներից ու նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներից», — Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առաջնության կազմկոմիտեի համանախագահ Տիգրան Քոչարյանը։

Երևան են գալու հայտնի խաղացողներ Ալեքսանդր Դրուզը, Իլյա Նովիկովը, Մաքսիմ Պոտաշովը։ Առաջնության բացմանը ներկա է լինելու նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Մրցաշարին չորս հայկական թիմ է մասնակցում։ Քոչարյանի խոսքով` հայկական կողմը մեծ հույսեր է կապում «Արագած» թիմի հետ, որը մեկ ամիս առաջ փայլել է Վրաստանում անցկացված մրցաշարում։

Հայ շոումենի կինն ամենահնարամիտն էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում

Կազմկոմիտեի համակարգող, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր հերթին ընդգծեց, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հետևողականորեն աջակցել է մտավորական շարժման զարգացմանը, այդ թվում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի տարածման միջոցով։ Պետության աջակցությունը շատ կարևոր է հայկական թիմերի համար ։

Նա հույս հայտնեց, որ նոր կառավարությունը կպահպանի այդ նախագծին աջակցելու ավանդույթը։ Ինքը` Աշոտյանը, 2019 թվականի բյուջեի նախագծի առաջիկա քննարկումների ժամանակ մտադիր է համապատասխան առաջարկություն անել` նախագծին միջոցներ տրամադրելու համար։

«Նման առաջնությունը նաև տեղեկատվական, քարոզչական, զբոսաշրջային, մշակութային նշանակություն ունի: Նախորդ խաղի մասնակիցները տասնյակ և ավելի դրական գրառումներ էին արել Հայաստանի վերաբերյալ»,- ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ երկրորդ առաջնությունը Հայաստանում անցկացնելը պայմանավորված է Երևանի 2800-ամյակով:

«Սա մեր նվերն է: Մենք ուզում ենք, որ մեր մայրաքաղաքը դառնա ինտելեկտուալ առաջնության կենտրոն»,- ասաց նա:

Առաջնությունը կանցկացվի «Լույս» հիմնադրամի, «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի ու «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերության աջակցությամբ։