ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պետք է վերանայի Ամուլսարի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Կանաչների միության նախագահ և բնապահպան Հակոբ Սանասարյանը։
Ավելի վաղ Ավինյանն ասել էր` չկան փաստեր ու ապացույցներ, որ Ամուլսարի հանքի շահագործումը կարող է բնապահպանական աղետի բերել։ Նրա խոսքով` կառավարությունն այժմ իր վերլուծությունն է անում, որին մասնակցում են միջազգային փորձագետները։
«Կա վտանգ, բայց չգիտես ինչու ասում են՝ միջազգային փորձագետները թող գան, եզրակացություն կազմեն, հետո մենք ասենք: Մենք ունենք շատ լավ մասնագետներ, և, իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ նման գործը ես վստահում եմ իմ երկիր փորձագետներին, ոչ թե միջազգային։ Նրանք գալիս են, ինչ-որ բան են գտնում ու քանդում են այն, ինչ մեզ համար թանկ է»,- ասաց Սանասարյանը:
Նա անընդունելի է համարում որոշ փորձագետների այն պնդումները, թե գործը պետք է շարունակել ու հետո ստուգել` վնասում է Սևանա լճին ու գետերին, թե ոչ։
«Ըստ «Լիդիանի» ծրագրի` թափոնների ծավալը կկազմի մոտ 464 միլիոն տոննա։ Անիմաստ է մտածել դրանց վերամշակման, վերականգման մասին», — ասաց Սանասարյանը։
Նա կարծում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմում պետք է լինեն մասնագետներ, որոնց բավական է միայն կարդալ «Լիդիանի» նախագիծը։ Սանասարյանի կարծիքով` այնտեղ ամեն ինչ կա, այդ թվում` Սևանի աղտոտման մասին։
«Լիդիան Արմենիա» (Lydian Armenia) ընկերությունը, որը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման արտոնագիր է ստացել, ոսկի ստանալու համար տարեկան մոտ 100 տոննա նատրիումի ցիանիդ է օգտագործելու։
Դրա հետ կապված Հայաստանում արդեն մի քանի ամիս է` Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում։
Ընկերության աշխատակիցներն իրենց հերթին պատասխան ակցիաներ են անցկացնում ու պահանջում են թույլ տալ շարունակել աշխատանքը։