Մահացել է եգիպտահայ նկարիչ Շանթ Ավետիսյանը

Նկարիչը մահացել է երկարատև հիվանդությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Կահիրեում 67 տարեկանում մահացել է եգիպտահայ նկարիչ Շանթ Ավետիսյանը։ Այս մասին հայտնում է Art&Culture-ը։

Նրա ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ մահվան պատճառը երկարատև հիվանդությունն է։

Ավետիսյանը ծնվել է Կահիրեում 1951թ-ին։ Նա կրթություն է ստացել Մոնրեալի Արվեստի և դիզայնի դպրոցում և Փարիզի Դեկորատիվ արվեստի ազգային բարձրագույն դպրոցում, այնուհետև վերադարձել է Եգիպտոս։ 1969թ-ից մինչև 2018թ-ն աշխարհի տարբեր երկրներում անցկացրել է ավելի քան 25 անհատական ցուցահանդես։

Ավետիսյանի աշխատանքներն ընդգրկված են Աֆրիկյան արվեստի ազգային թանգարանի, Սմիթսոնյան ինստիտուտի, Բրիտանական թանգարանի, Շոտլանդիայի ազգային թանգարանի հավաքածուներում։

Ավետիսյանը ճանաչման է հասել եգիպտական քաղաքական գործիչների դիմանկարների շնորհիվ։ Նրա գեղանկարներում, գրաֆիկական աշխատանքներում ու լուսանկարներում կան հին եգիպտական արվեստի տարրեր, իսլամական երկրաչափական նախշեր։