ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանն ուզում է Հայաստանի հետ հարաբերություն զարգացնել անկախ նրանից` ով կղեկավարի պետությունը։ Այս մասին ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ուղիղ տեսամիացման ժամանակ։
«Ռուսաստանն ընդհանուր առմամբ ուշադիր հետևոում է Հայաստանում տիրող իրավիճակին։ Մենք տրամադրված ենք երկկողմ հարաբերությունների զարգացման ցանկացած կառավարության օրոք։ Հուսով եմ` նույն տրամադրվածությունը կա նաև Հայաստանում», — ասաց Զատուլինը։
Նա նշեց, որ Ռուսաստանում գիտեն` ինչ է տեղի ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ու դա անդրադառնում է ընդհանուր ծրագրերի վրա։
Մասնավորապես` Երևանում պետք է կայանա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը։ Սակայն խորհրդարանը ցրելու հարցի պատճառով և ՀՀ ԱԺ խոսնակի մասնակցությամբ անցկացված խորհրդատվություններից հետո որոշվել է հետաձգել նիստը։
Միաժամանակ Զատուլինը հույս հայտնեց, որ հանրապետությունում իրավիճակը կկայունանա։
«Հայաստանն Անդրկովկասում մեր միակ «լիամասշտաբ» դաշնակիցն է։ Հուսով ենք` երկիրը կհաղթահարի ներքին բոլոր մարտահրավերներն ու կշարունակի զարգանալ», — ասաց ռուս պատգամավորը։
Նա նաև ավելացրեց, որ ըմբռնումով է վերաբերվում նոր ներդրումներ գրավելու Հայաստանի ձգտմանն ու աջակցելու է այդ գործընթացին։