FAST հիմնադրամի հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների թվում են աշխարհի առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:
Ինչպես տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ֆասթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հարգարժան անդամներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունել Նորարարական ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ինձ համար խորհրդանշական է խոսել այս ամբիոնից, որովհետև նորարարություն կամ ինովացիա ասելով մարդիկ հաճախ նկատի են ունենում տեխնիկական ոլորտը կամ մերձտեխնիկական ոլորտը: Բայց կարծում եմ նորարարություն, ինովացիա հասկացությունը վերաբերվում է ամեն ինչին. սկսած քաղաքականությունից, շարունակած կրթությունով ու կառավարման համակարգերով և ավարտած տեխնիկական առաջընթացով: Ի վերջո ի՞նչ է նորարարությունը: Նույն բանը ավելի լավ ու ավելի արդյունավետ անելու արվեստը: Նախկինում անհայտ և անհնարին թվացող նպատակներ ձևակերպելու, առաջադրելու և դրանք կյանքի կոչելու արվեստը: Մտածողության նոր հարթության կրողները նրանք են, ահա, ովքեր փակուղու մեջ շատ պարզորոշ ելք են տեսնում, անհնարինությունը ընկալում են որպես բացառիկ հնարավորություն»:
Վարչապետի պաշտոնակատարի ելույթն ամբողջությամբ կարող եք դիտեք տեսանյութում: