Զոհրաբ Մնացականյանն ու Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են

Արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խոսել է նաև Փաշինյան–Ալիև հանդիպման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Երևանի և Բաքվի միջև օպերատիվ կապը գործում է. Նաղդալյան

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած հանդիպումների ու համանախագահների տարածաշրջան կատարած այցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն է հայտնել մինչ այժմ այս առումով ձևավորված դրական դինամիկայի կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու եռանախագահներն անդրադարձել են սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ դրանց կիրառական դրսևորումն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու խթանմանը:

Նախարար Մնացականյանը նշել է, որ արդիական է մնում ռազմատենչ և ոչ կառուցողական հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը: Մնացականյանն այս առնչությամբ ընդգծել է, որ, հաշվի առնելով, որ Երևանից հետո համանախագահները այցելելու են Ստեփանակերտ, այնուհետև Բաքու, դրանից հետո հնարավորություն կլինի առավել համապարփակ կերպով գնահատելու հետագա քայլերը:

Փաշինյանն ու Ալիևը սկսել են շփվել ուղիղ. օպերատիվ կապը հաստատված է

Հիշեցնենք` Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ժամանակ սահմանին խաղաղություն պահպանելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Հոկտեմբերի 20-ին նա հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունների հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել, և անհրաժեշտության դեպքում ցանկացած տեղեկություն 30 րոպեի ընթացքում կհասնի Ալիևին և հակառակ ուղղությամբ։