Թավջութակահար Մաքսինը Երևանի մետրոյում նվագել է «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունը

Թավջութակահար Յան Մաքսինը Երևանի մետրոյում նվագել ու երգել է «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկացի թավջութակահար, վոկալիստ ու կոմպոզիտոր Յան Մաքսինը երևանյան մետրոյում նվագել է «Սարերի հովին մեռնեմ» երգը։ Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օգտատեր Մարկ Հովհաննիսյանը։

Հայկական հեռուստաընկերություններից մեկում նկարահանումներից հետո Յանը որոշել է մետրոյով հասնել քաղաքի կենտրոն։ Մետրոպոլիտենի դրամարկղում աշխատող կինը ճանաչել է նրան, երաժիշտը շատ է շոյվել, բայց հարցն այդքանով չի ավարտվել։

«Հետո մետրոյի ոստիկանության աշխատակիցները միացան նրան` ակնարկելով, որ Յանը նվագի։ Նրանք կեսկատակ խնդրեցին բացել պատյանը` զննելու համար։ Ու այսպես երևանյան մետրոյի պատմության մեջ առաջին անգամ Գարեգին Նժդեհ կայարանում հնչեց Կոմիտասի «Սարերի հովին մեռնեմ» երգը` Յանի կատարմամբ։ Ի դեպ, ելույթից հետո անձնակազմը մեզ անվճար ներս անցկացրեց», — տեսանյութը մեկնաբանել է օգտատերը։

Տպավորիչ է Կոմիտաս լսել Գառնու տաճարի մոտ. Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիում

Նշենք, որ թավջութակահար Յան Մաքսինը հոկտեմբերի 30-ին ելույթ կունենա Հայաստանի Կամերային տանը։ Նա ճանաչման է հասել թավջութակ նվագելու եզակի նորարարական ոճի ու գործիքը ոչ ավանդական ձևերով օգտագործելու շնորհիվ։Մաքսինը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, սկսել է նվագել վեց տարեկանից։ Տասնյոթ տարեկանում նա Նյու Յորքում է տեղափոխվել Մանհեթենի երաժշտական դպրոցում սովորելու համար։ Նրան հաճախ կարելի է տեսնել ու լսել ժամանակակից նախագծերում Կուբայի, Սերբիայի, Իրանի, Հնդկաստանի, Իսպանիայի, Ճապոնիայի երաժիշտների հետ։